«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի «Մորթենսոն» միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ, 2016-ին Երևանում անցկացրել է գրադարանավարների վերապատրաստման տասնօրյա դասընթացներ: «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով դասընթացներին մասնակցել է Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավար:
«Իրատեսը» թեմայի շուրջ զրուցել է ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի «Մորթենսոն» միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար ՍՅՈՒԶԱՆ ՇՆՈՒԵՐԻԻ, Գրադարանավարների ասոցիացիայի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ և Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն ՍԱԹԵՆԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Սյուզան Շնուերին զրույցի սկզբում ասաց, որ բարձր է գնահատում ծրագրի ընթացքն ու արդյունավետությունը Հայաստանում: Նշեց, որ, ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ դասընթացները վարել են տեղի փորձառու մասնագետները` համապատասխան ուղեցույցներով:
Նրանց համար առանձին դասընթացներ անցկացնելու կարիք չի զգացվել: Հայ մասնագետները նյութը յուրացրել են ձեռնարկների միջոցով: Վարպետության դասերի մասնակից գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները կիրառելու են աշխատանքում և փոխանցելու իրենց գործընկերներին: «Երբ ինչ-որ բան ես անում, չպետք է գործդ համարես ավարտված ու հեռանաս, շատ կարևոր է, որ արածդ արդյունք ունենա, քեզնից հետո սերմանվի, մնա ու շարունակություն ունենա»,- պարզաբանեց գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավարը: Հետաքրքրվեցի` ինչպե՞ս են ընտրվում երկրները, որտեղ պետք է ծրագիրն իրականացվի: Ս. Շնուերին ասաց, որ մինչ ծրագրի մեկնարկը նախապես ուսումնասիրել են, պարզել, թե ինչի կարիք ունեն աշխարհի գրադարանները: Ասիական, աֆրիկյան և եվրոպական երկրներում նորարարական այս ծրագիրը ներմուծելու համար փորձում են գտնել հուսալի գործընկերներ: Ծրագիրը ֆինանսավորում է «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը: «Ի՞նչ է ենթադրում նորարարությունը գրադարանային գործում» հարցին Շնուերին հարցով պատասխանեց. «Երբ մտածում եք գրադարանի մասին, ի՞նչ եք առաջնահերթ ցանկանում»: Պատասխանը. «ՈՒզում եմ լավ գրքեր ձեռք բերել»: Շնուերին ասաց, որ դա վերաբերում է անցյալի գրադարաններին, նորարարական գրադարանները պետք է հասանելի լինեն լրատվամիջոցներում, համացանցում: Գրադարանը, ի վերջո, կարող է լինել քո հեռախոսի մեջ:
Դրանք լինելու են ինֆորմացիոն գրադարաններ: «Նախկինում գրադարանային գործի առանցքում գրքերն էին, այսօր` մարդը»,- ընդգծեց Շնուերին: Նրա տեղեկացմամբ` վիճակագրությունը ցույց է տվել, որ նորարարության արդյունքում հատկապես երիտասարդների շրջանում նկատելի է ընթերցանության աճ: «Մենք «ոչ» չենք ասում տպագիր գրքին, պարզապես հնարավորություն ենք ընձեռում գրքեր ընթերցելու նաև թվային տարբերակով: Ես ինքս գործի բերումով հաճախ եմ ճամփորդում, անհրաժեշտ գրականությունը հետս վերցնելը տեսականորեն անհնար է, ներբեռնում և ընթերցում եմ դրանք էլեկտրոնային ընթերցիչով»:
Սաթենիկ Ավագյանը հավելեց, որ գրադարանավարը պետք է կարողանա սպասարկել այսօրվա ընթերցողին, իսկ ընթերցողը տարբեր տարիքի է: Տասը տարեկան երեխան, որ էլեկտրոնային կրիչից է օգտվում, կարող է նախընտրել գիրք կարդալու էլեկտրոնային տարբերակը, նաև ուզում է էլեկտրոնային գրացանկով տեսնել, թե ինչ գրքեր կան գրադարանում: «Մենք նախ ինքներս պետք է հմտանանք, վերապատրաստվենք, որ հասկանանք ընթերցողի պահանջներն ու սպասարկենք նրան, ինչը և սովորել ենք այս ծրագրի ընթացքում»,- ընդգծեց գրադարանի տնօրենը:
Ժամանակակից գրադարանները Skype-ով շփվելու հնարավորություն են տալիս: Ավագ սերնդի ներկայացուցիչները գրադարանում կարող են շփվել հեռվում բնակվող իրենց երեխաների, թոռնիկների, հարազատների հետ:
«Ճիշտ է, դուք կարող եք ասել, որ այսօր գրեթե բոլորն էլ համակարգիչ ունեն տանը, բայց նրանց, ովքեր չունեն կամ չեն կարողանում օգտվել համակարգչից, գրադարանը օգնում է նաև այդպես: Դա ևս մարդկանց գրադարանին մոտեցնելու եղանակ է»,- ասաց Սաթենիկ Ավագյանը:
Հարց է առաջանում` հայաստանյան գրադարանների տեխնիկական միջոցները բավարա՞ր են նորարարական ծրագրերը կիրառելու համար: «Սյուզան Շնուերին նշեց, որ մեր մասնագետները դասընթացներ են անցկացրել` ընդամենը օգտվելով ձեռնարկներից: Դասընթացներին ներկա ԱՄՆ-ի «Մորթենսոն» կենտրոնի փորձագետները զարմացել էին, թե մեր գրադարանավարներն ինչքան լավ են շփվում ընթերցողական տարբեր խմբերի հետ»,- ասաց Ռաֆիկ Ղազարյանը: Նրա խոսքով` տեխնիկական միջոցները բավարար չեն, բայց կա մտավոր հատված, որ շատ բան կարող է անել. «Մեր գրադարանները նոր գրականությամբ քիչ են համալրվում: Եթե տեխնիկական միջոցներ լինեն, կարող են ընթերցողին տրամադրել նաև էլեկտրոնային գրքեր` ապահովելով գիրք ձեռք բերելու մատչելիությունը»:
Այստեղ այլ հարց է առաջանում` հայաստանյան գրադարաններում առկա գրքերի քանի՞ տոկոսն է թվայնացված: Գրադարանավարների ասոցիացիայի փոխնախագահն ասաց, որ թվայնացում մեր հանրապետությունում կատարվում է, բայց դա շատ երկար գործընթաց է. «Գրացուցակները թվայնացված են, կարելի է հեշտությամբ ծանոթանալ գրադարանում առկա գրքերին: Գրադարանը, այսօրվա տերմինով, տեղեկատվական մշակութային կենտրոն է, որը ինֆորմացիա է հասցնում թղթային և թվային տարբերակով: Փաստ է, որ գիտության համար ամենակարևորը մնում է տպագիր գիրը: Գիտությունը չի կարող զարգանալ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, որոնք ամեն օր փոփոխվում են. այսօր կարող ես մի հոդված կարդալ, վաղը տեսնել, որ մի ամբողջ պարբերություն հանված է այնտեղից»:
«Իրատեսը» հետաքրքրվեց նաև` ի՞նչ դեր ունի գրադարանը գրքի պրոպագանդման հարցում: Գաղտնիք չէ, որ շատ գրքերի համար գրադարանը պահոց է ծառայում, դրանք տարիներ շարունակ մնում են ու չեն հասնում ընթերցողին: Ռաֆիկ Ղազարյանն ասաց, որ գրադարանը պետք է դառնա իրական, ճշգրիտ ինֆորմացիայի կենտրոն. գրադարանի աշխատողները պետք է իմանան ինչպես ճիշտ ինֆորմացիա ստանալ ու փոխանցել ընթերցողին: Սյուզան Շնուերին իր հերթին նկատեց, որ համացանցում շատ են հանդիպում ոչ ճշգրիտ, կեղծ ինֆորմացիաներ: Նրա բնորոշմամբ` ավանդական գրադարանը գրքի մասին էր, ժամանակակից գրադարանը` ինֆորմացիայի և իմացության: Կարևոր է ինֆորմացիան տեղ հասցնելը` լինի տպագիր գրքի միջոցով, լրատվամիջոցների, թե էլեկտրոնային այլ հարթակների:
Զրույցի վերջում Շնուերին խոսեց Նորքի համայնքային գրադարանի մասին, ուր այցելել էր նախօրեին: «Հայկական և ամերիկյան մշակույթները շատ տարբեր են: Տպավորվել եմ հատկապես հայկական ջերմ, բարի մթնոլորտով: Հայ գրադարանավարները հասկանում են, որ պետք է փոխվեն գրադարանները, ու պատրաստ են այդ փոփոխություներին»,- ասաց նա: «Կարևոր է, որ մենք գրադարանային ոլորտում համընթաց քայլենք ու հետ չմնանք խոշոր երկրներից»,- եզրահանգեց Ռաֆիկ Ղազարյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ